Նոյեմբերի 21-ին ամփոփվեցին «Շախմատը կրթության մեջ» ՖԻԴԵ-ի հանձնաժողովի և ՀՊՄՀ Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Շախմատը կրթության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքերը:
Հեռավար հաղորդակցության Zoom հարթակում անցկացված գիտաժողովին մասնակցում  էր աշխարհի շուրջ 100 երկրի 450 ներկայացուցիչ։ Մասնակիցները երկօրյա գիտաժողովում քննարկեցին շախմատի ուսուցման հիմնախնդիրները՝ նախադպրոցական հաստատություններում, հիմնական և ավագ դպրոցներում, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում:
Գիտաժողովին մասնակցում էին Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, փոխնագահները, գործադիր տնօրենները, աշխարհահռչակ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև կրթական շախմատի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային փորձագետներ։
Գիտաժողովին մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը,  Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ու Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Վահե Կիրակոսյանը:
Հայաստանյան թիմից զեկույցներով հանդես եկան ՀՊՄՀ-ի «Շախմատ» գիտահետազոտական  ինստիտուտի աշխատակիցները՝ ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը, ավագ գիտաշխատողներ Սերոբ Խաչատրյանն ու Թամարա Սարգսյանը, գիտաշխատողներ Լիլիթ Կարապետյանը և Աննա Չարչյանը։
Վահան Սարգսյանը ներկայացրեց 2021 թվականին ինստիտուտի գիտաշխատողների  իրակացրած համահանրապետական հետազոտության որոշ արդյունքներ, ըստ որի՝ շախմատային կրթության արդյունավետության համար կարևոր նշանակություն ունեն սովորողների շախմատային նախագիտելիքները, իսկ տնային առաջադրանքների լուծումը կամ ծնողների միջամտությունը բացասաբար են ազդել արդյունքների վրա։
Սերոբ Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ «Շախմատ» առարկայի չափորոշիչների մշակմանը, դրանց գիտական հիմնավորման հարցերին, ընդգծեց կրթական աստիճանակարգերի դերը նմանօրինակ գործընթացներում։
Թամարա Սարգսյանն էլ  ներկայացրեց հայաստանյան թիմի մշակած՝ շախմատի ուսուցիչներ վերապատրաստող մասնագետների վերապատրաստման մասնագիտական զարգացման դասընթացի գիտատեսական հիմքերը։
Ի դեպ, տվյալ դասընթացը,  որպես որակի գնահատման չափանիշ, ուղենշային է լինելու նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համար:
«Շախմատը կրթության մեջ» խորագրով միջազգային երկօրյա  գիտաժողովում հետաքրքրական էին նաև օտարերկրացի մասնակիցների զեկույցները, մասնավորապես՝ ռուս հոգեբան, պրոֆեսոր Վ․ Զարեցկու, իտալացի պրոֆեսոր Ռ․ Տրինչերոյի, Կ․ Սաուրինայի, Լ․ Գարսիայի և այլն:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում կազմակերպվեց նաև առցանց կլոր սեղան. ներկայացվող զեկուցումների վերաբերյալ  ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ  հարց ու պատասխան:
Գիտաժողովի փակմանը ելույթ ունեցան  Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ)  հանձնաժողովի քարտուղար Քեվին Օ’Քոննելը, ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Դանա Ռեզնիս Օզոլան, որոնք կարևորեցին գիտաժողովի անցկացումն ու  հույս հայտնեցին, որ այդպիսի միջոցառումները կլինեն շարունակական:
Վերջիններս ընդգծեցին նաև գիտաժողովը բացառիկությունը. դրանում համատեղվել էին մի շարք նորարարություններ՝ երկլեզու հաղորդակցում, առցանց հարթակ, կրթական շախմատի միջգիտակարգային բնույթ։

Leave a Reply