Մանկավարժական համալսարանը և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը այսօր հյուրընկալել էին Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պրոֆեսոր, «Շախմատն ընդհանուր զարգացման համար. ռեֆլեքսիվ-գործնական մոտեցում» ծրագրի ղեկավար Վիկտոր Զարեցկուն, ով, ի դեպ, ռուսական հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի համահիմնադիրներից է, ՌԴ Առողջապահության նախարարության Հոգեբուժության ԳՀԻ կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ամբիոնի ղեկավար, Կոնսուլտատիվ և կլինիկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալլա Խոլմոգորովային և հոգեբանական գիտությունների թեկնածու, Յուրի Զարեցկուն։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էր «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը։
Կողմերը քննարկեցին շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրները, շախմատային կրթության արդյունավետությունը, կարևորեցին սոցիալական հոգեբանության մերօրյա խնդիրների վերհանումը, այդ համատեքստում ընդգծելով արտակարգ իրավիճակներում հոգեբան-մանկավարժների պատրատվածության կարևորությունն ու վերապատրաստումները։
Քննարկումը շարունակվեց ՇԳԻ-ում։ ՇԳԻ տնօրեն Սմբատ Լպուտյանն ու ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը ներկայացրին ինստիտուտը, իրականացված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները, որից հետո ծավալվեց ակտիվ քննարկում։
Վիկտոր Զարեցկին, Ալլա Խոլմոգորովան և Յուրի Զարեցկին (ով հյուրընկալվել էր «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում) ՇԳԻ կազմակերպած միջազգային գիտաժողովի մասին տպավորություններով կիսվեցին, շեշտադրելով, որ գիտաժողովը կայացած էր և արդյունավետ աշխարհի շախմատային կրթության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին գիտական ոլորտում ունեցած ձեռքբերումները, փոխանակեցին տպագրվող առաջատար պարբերականներ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ։
