Առաքելություն

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 2018 թ. փետրվարին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի,  ՀՀ Շախմատի ակադեմիայի և ՀՀ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ,  գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ։ Այն իր տեսակով և գործունեության ուրույն ուղղվածությամբ առայժմ միակն է աշխարհում: Ինստիտուտն իրականացնում է շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրների հետազոտություններ:

Ինստիտուտի նպատակն է հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ուսումնասիրություններով վեր հանել «Շախմատ» առարկայի կրթական արժեքը, շախմատի միջոցով երեխայի կոգնիտիվ կարողությունների զարգացման հնարավորությունները, 21-րդ դարի սովորողի կարևորագույն կոմպետենցիաների ձևավորման վրա շախմատի ուսուցման ներգործությունը:

Մեր առաքելությունն է շախմատային կրթության ներուժը ծառայեցնել 21-րդ դարի քաղաքացու կրթական ձեռքբերումների և նրա կյանքի որակական ցուցիչների բարելավմանը:

Բարի գալուստ  «Շախմատ» գիտահետազոտական  ինստիտուտ

Աշխարհը շատ արագ է փոխվում և, ինչպես բոլոր ոլորտներում, կրթության մեջ գլխավորապես առերեսվում ենք նոր մարտահրավերների,  որոնք էլ պայմանավորում են, թե որ ճանապարհով մենք կընթանանք, և որ ճանապարհը մեզ կտանի ժամանակին համընթաց:

Երկար տարիներ աշխատելով այս ուղղությամբ՝ եկել եմ այն  համոզման, որ շախմատը մեծ բարիք է հասարակության համար, քանի որ նպաստում է մտածող, ստեղծագործող, ազնիվ, պայքարող  քաղաքացու ձևավորմանը:

21–րդ դարում բարձր տեխնոլոգիաների արագ զարգացումը որոշակի խնդիրներ է առաջադրում  երեխաների ինքնուրույն մտածողության զարգացմանը: ՀՀ-ն աշխարհում առաջին երկիրն է,  որտեղ դպրոցում շախմատը ներվուծվեց որպես պարտադիր ուսումնական առարկա։ Ինստիտուտի աշխատակիցները գիտակցում են կազմակերպվող գործընթացների պատասխանատվությունը, կարևորությունը հանրության համար: Վերոհիշյալ դրդապատճառներից ելնելով՝ նախաձեռնեցինք և կազմակերպեցինք «Շախմատ» հետազոտական ինստիտուտը, որը կոչված է ուսումնասիրելու և վեր հանելու այն կարևորագույն կրթական, սոցիալական և մշակութային արժեքները, որոնք ի հայտ են գալիս երեխաների ընդհանուր զարգացման գործընթացում:

Մեր հետազոտական  ինստիտուտը միշտ ուրախ  և բաց է համագործակցության  համար:

                                                     

                    Հարգանքներով՝    Սմբատ Լպուտյան