Մեր ամսագիրը

ՇԱԽՄԱՏ.ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհն արագ փոխվում է ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ կրթության մեջ, քանի որ գլխավորապես առերեսվում ենք նոր մարտահրավերների, որոնք էլ պայմանավորում են, թե որ ուղղությամբ մենք կընթանանք, և որ ճանապարհը կտանի ժամանակին համընթաց:Երկար տարիներ աշխատելով այս ոլորտում՝ համոզված եմ, որ շախմատը մեծ բարիք է հասարակության զարգացման համար, քանի որ առաջին հերթին նպաստում է մտածող, ստեղծագործող, ազնիվ, պայքարող քաղաքացու նպատակամետ ձևավորմանը:21-րդ դարում բարձր տեխնոլոգիաների արագ զարգացումը որոշակի խնդիրներ է առաջադրում երեխաների ինքնուրույն մտածողության զարգացմանը: ՀՀ-ն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ դպրոցում շախմատը ներմուծվեց որպես պարտադիր ուսումնական առարկա: Ահա´ թե ինչու նախաձեռնեցինք ու կազմակերպեցինք «Շախմատ» հետազոտական ինստիտուտը, որը կոչված է ուսումնասիրելու և բացահայտելու այն կարևորագույն կրթական, սոցիալական և մշակութային արժեքները, որոնք դրսևորվում են երեխաների ընդհանուր զարգացման գործընթացում:Որոշեցինք նաև հիմնել ինստիտուտի «Շախմատ.Կրթություն և գիտություն» խորագրով ամսագիրը, որտեղ կտպագրվեն ինչպես ինստիտուտի աշխատակիցների, այնպես էլ շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների, այդ առարկային վերաբերող մեթոդաբանական, հոգեբանական և սոցիոլոգիական հիմնահարցերն ուսումնասիրող մասնագետների հոդվածները՝ նպաստելով շախմատային փորձի տարածմանը և այլ երկրների դպրոցական ուսումնական ծրագրերում այդ առարկայի ներմուծմանը:Ամսագիրը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, առայժմ նախատեսում ենք թողարկել տարեկան 3-4 համար: Հուսով ենք տպագրել նաև արտերկրյա հեղինակներին, ուստի հրավիրում ենք համագործակցության շահագրգիռ անձանց այլ երկրներից:

Արդ՝ մաղթում եմ բարի երթ մեր նոր ամսագրին:

                                                                                                  Սմբատ Լպուտյան 

 գրոսմայստեր,

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն