«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հյուրերն էին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչները՝ ի դեմս ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Հայաստանի հատուկ ծրագրերի գծով համակարգող Ինեսա Մարգարյանի։ Հանդիպումը նպատակ ուներ սերտ համագործակցություն ծավալել ինստիտուտի և շախմատային աշխարհի բարեկամ ՀԲԸՄ-ի ի հետ։ Ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեց Վազգեն Յակուբյանին հյուրընկալվելու համար և ներկայացրեց նորաստեղծ ինստիտուտի առաքելությունը ու կարճ ժամանակում գրանցած հաջողությունները ոչ միայն հայաստանյան,այլև միջազգային հարթակում։ Ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը անդրադարձ կատարեց ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանը և փաստեց, որ ինստիտուտը համախմբել է իրենց ոլորտներում առաջատար և հմուտ մասնագետների։«Մենք ունենք պատրաստված և անընդհատ վերապատրաստվող ուսուցիչներ, թվայնացված դասեր, դասագրքեր, որոնք պարբերաբար թարմացվում են, գրեթե պատրաստ է ուսուցիչների վերապատրաստման առցանց դասերի համակարգը»,- արձանագրեց Ս․ Լպուտյանը։
Հյուրերին հետաքրքիր էին շախմատ ուսումնական առարկայի ներդրումից մինչ օրս իրականացված հետազոտությունների արդյունքներն ու վիճակագրական տվյալներ ծնողների և աշակերտների՝ առարկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։ Ինստիտուտի ավագ գիտաշխատողները, սոցիոլոգները, մեթոդիստներն ու հոգեբանները մանրամասն ներկայացրին հարցի վերաբերյալ իրականացված հետազոտությունները՝ շեշտելով, որ դրական փոփոխությոնները առարկայի ընկալման վերաբերյալ ակնհայտ են։ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը փաստեց, որ այդքան մոտ լինելով շախմատին՝ իր համար նոր բացահայտումներ արեց շախմատի՝ որպես հանրակրթական ուսումնական առարկայի վերաբերյալ, և նշեց, որ շախմատը իր համար նորովի ներկայացվեց ի շնորհիվ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի։
