Մայիսի 18-ին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՖԻԴԵ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց քննարկում ինստիտուտի գիտաշխատողների և ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչի, ՖԻԴԵ գլխավոր տնօրեն, ՖԻԴԵ գլոբալ ռազմավարության հանձնաժողովի նախագահ Էմիլ Սուտովսկու և ՖԻԴԵ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախկին նախագահ Քեվին Օ Քոնըլի մասնակցությամբ։
Սմբատ Լպուտյանը ողջունեց քննարկման մասնակիցներին, ներկայացրեց ինստիտուտի ընթացիկ և պլանավորվող աշխատանքները։
Ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը, խոսելով հետազոտական ուղղություններից, նշեց, որ անգամ այս պայմաններում շարունակվում են հետազոտությունները, և դրանց զուգահեռ իրականացվում են Հայաստանի և Արցախի շախմատի ուսուցիչների մասշտաբային առցանց վերապատրաստումներ։
ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչին հետաքրքրեցին վերապատրաստումների մեթոդական և տեխնիկական հիմքերը և առաջարկ արվեց այդպիսի տեխնիկական առաջադրանքների փաթեթ մշակել՝ տվյալների հավաքագրման գործընթացը միջազգային մակարդակով կազմակերպելու համար։
Ա․ Դվորկովիչի և Է․ Սուտովսկու՝ ինստիտուտի կատարած աշխատանքների, գիտական հրապարակումների հարցին ի պատասխան՝ ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ինստիտուտի խորհրդի անդամ Սրբուհի Գևորգյանը նշեց միջազգային այն պարբերականները, որոնցում տեղ են գտել գիտաշխատողների հոդվածները և հավելեց Ծաղկաձորում կայացած միջազգային գիտաժողովի նյութերի հավաքածուի տպագրության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում սոցիոլոգները, հոգեբանները և մեթոդիստները պատասխանեցին գործունեության իրենց ոլորտներին առնչվող հարցերին։
Հանդիպման ավարտին ՖԻԴԵ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր ու բովանդակալից քննարկման համար։
Ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանն ու գիտաշխատողները կարևորեցին այսօրինակ հանդիպումները շախմատային կրթության ոլորտում կատարվող համատեղ աշխատանքների արդյունավետության ապահովման համար։