26․06․2020թ․ տեղի ունեցավ առցանց հանդիպում գրոսմայստեր, Եվրոպայի շախմատի միության փոխնախագահ Դանա Ռեիզնիեցե-Օզոլայի հետ:
Հանդիպման սկզբում ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ողջույնի խոսքով հանդես եկավ և նշեց, որ Դանա Ռեիզնիեցե-Օզոլայի հետ աշխատելու հնարավորություն բազմիցս ունեցել է և վստահ է, որ համագործակցությամբ և միասին աշխատելով կարող են հասնել ավելիին։
Ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը ներկայացրեց գիտահետազոտական ուղղություններն ու շեշտեց կատարված  հետազոտական աշխատանքների վերաբերյալ միջազգային հետաքրքրությունն ու ավելացրեց, որ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայկական վիրտուալ քոլեջի համագործակցությամբ ստեղծվում է հանրակրթական մեծ արժեք ունեցող շախմատի ուսուցիչների պատրաստման հեռավար  դասեր։
Հյուրին հետաքրքրեց ինստիտուտի միջազգայնացմանն ուղղված քայլերը։ Ի պատասխան՝ ինստիտուտի տնօրենն ու գիտական ծրագրի ղեկավարը փաստեցին, որ շարունակվում են աշխատանքները միջազգային համագործակցության ուղղությամբ և իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ միջազգային վերապատրաստումներ իրականացնելու վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Դանա Ռեիզնիեցե-Օզոլան նշեց, որ պատրաստակամ է ինստիտուտի գիտահետազոտական գործունեության արդյունավետությունը հիմնավորել նաև  Եվրոպայի շախմատի միության շրջանակներում և առաջարկեց համատեղ նախագիծ մշակել ԵՇՄ-ի և ՖԻԴԵ-ի Շախմատը կրթական համակարգում հանձնաժողովի համագործակցությամբ, որը կարող է շատ արժեքավոր լինել միջազգային հետազոտողների տեսանկյունից։

Leave a Reply