«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և ՀՊՄՀ-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Շախմատ․ գիտություն և կրթություն» խորագրով առցանց աշխատաժողով, որի նպատակն էր ստեղծել գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ՝ նորարարական մոտեցումների ներդրման, մասնագիտական հմտությունների զարգացման և ներառական ու արդյունավետ ուսուցման խթանման համար։
Աշխատաժողովին մասնակցում էր առարկան դասավանդող 300-ից ավելի ուսուցիչ հանրապետության բոլոր դպրոցներից։
Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու ՇԳԻ գիտաշխատող, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Շախմատը ոչ միայն խաղ է, այլև կարևորագույն կրթական գործիք, որը ձևավորում է սովորողների մտածողության ոճը, նախաձեռնողականությունը, որոշումներ ընդունելու կարողությունը, ստեղծարարությունը և հոգեբանական այլ կարևորագույն որակներ։ Աշխատաժողովի նպատակն է կարևորել մեր երկրի բոլոր դպրոցների ուսուցիչների շախմատային կրթության մեթոդաբանության նորագույն, ինչպես նաև կյանքի հմտությունների զարգացմանը և համընդհանուր ներառականության համատեքստում՝ անձի առանձնահատուկ պայմաններին վերաբերող հարցերի քննարկումը»,-նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ յուրաքանչյուր մասնակից անձնային և մասնագիտական որակների զարգացման համատեքստում իր ասելիքն ու ներդրումը կունենա աշխատաժողովում։
Սերոբ Խաչատրյանը ևս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և նկատեց, որ 14 տարի դասավանդվող առարկայի վերաբերյալ Ինստիտուտի աշխատանքի շնորհիվ մեծ փորձ է կուտակվել։ Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ առարկան իր շուրջն է համախմբել մի խումբ մասնագետների և ուսումնասիրվում է գիտական մակարդակում։ Կրթության փորձագետը շնորհակալություն հայտնեց շախմատի ուսուցիչներին․ դժվար է դասավանդել նոր առարկան մեր օրերում, երբ աշխարհում առհասարակ դասավանդելն համարվում է ամենադժվար, բայցև ամենապատվաբեր աշխատանքը։
«Կարևորում ենք երկխոսությունը առարկայի տեսական մասը մշակողների և այն դասավանդողների միջև․ սա արդյունավետության գրավականներից մեկն է, որ տարիներ շարունակ իրագործվում է Ինստիտուտի և Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ»,-նշեց Սերոբ Խաչատրյանն ու աշխատաժողովի զեկուցողների անունից վստահեցրեց՝ այսօր էլ պատրաստակամ են պատասխանել առարկան դասավանդողների՝ առցանց ուղարկված հարցերին։
Աշխատաժողովը շարունակվեց չորս ուղղություններով՝ Շախմատի ուսուցման մեթոդական հարցեր, Շախմատը և կյանքի հմտությունները, Ուսուցչի անձնային և մասնագիտական զարգացում, ԿԱՊԿ ունեցող սովորողների առանձնահատկությունները և ուսուցիչների մանկավարժական կարողունակությունների զարգացման միջոցները ներառական կրթության համակարգում։ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներն իրենց զեկույցներում անդրադարձան վերոնշյալ թեմաների շրջանակներում կարևորագույն հարցերին և վերջին հետազոտություններին։
Աշխատաժողովի ընթացքում ուսուցիչներն առցանց ձևաչափով ուղարկեցին առարկայի դասավանդման վերաբերյալ հարցեր՝ դասագրքերից մինչև ակնկալվող վերջնարդյունքների գնահատում և այլն․ դրանք մեթոդիստները, չափորոշիչների հեղինակները, գիտաշխատողները քննարկեցին համապատասխան մասնաճյուղերում։ Աշխատաժողովի մասնակիցների կարծիքով՝ ձեռնարկն արդյունավետ հարթակ էր շախմատի ուսուցման, գնահատման և առարկայի հետ կապված մի շարք հարցեր մասնագետներին ուղղելու, նպատակային և արդյունավետ քննարկում ունենալու համար։
