Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի/ՖԻԴԵ/ նախագահ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպումից անմիջապես հետո «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները, ընթացիկ գիտահետազոտական գործունեությանը զուգահեռ շարունակեցին աշխատել 3 հիմնական ուղղություններով՝
1․Տեխնիկական առաջադրանքների փաթեթի/TOR/ մշակում՝ տվյալների հավաքագրման գործընթացը միջազգային մակարդակով կազմակերպելու համար,
2․Միջազգային վերապատրաստումների ծրագրի մշակում և փորձարկում,
3․Շախմատի 2-րդ դասարանի դասագրքի վերախմբագրում։
1․ Առաջին խմբի ստեղծած տեխնիկական առաջադրանքների փաթեթի/TOR/ շնորհիվ հնարավոր է հետազոտել շախմատային կրթության արդի վիճակն աշխարհում՝ թիրախավորելով կրթական շախմատի՝ ՖԻԴԵ-ի ռազմավարական պլանում ընդգծված ոլորտները:
Հետազոտության նպատակն է «Աշխարհի տարբեր պետությունների շախմատային կրթության առանձնահատկությունների բացահայտում և հաջողված կրթական մոդել/ների առաջադրումը»։ Նախատեսվում է, որ հետազոտությունը կիրականացվի շախմատի ազգային ֆեդերացիաների, ըստ անհրաժեշտության նաև երկրների կրթական գերատեսչական կառույցների և շախմատային կրթության ոլորտում ընդգրկված ազգային կազմակերպությունների ներգրավմամբ:
2․ Երկրորդ խումբն աշխատում է միջազգային մեծ նախագծի շուրջ, որի նպատակն է ստեղծել TOT վերապատրաստման ծրագրի աշխարհի բոլոր երկրների համար: Ծրագրի նպատակն է ձևավորել և զարգացնել շախմատ խաղի/առարկայի հիմունքների արդյունավետ դասավանդման կարողությունները՝ ակտիվ և փոխներգործուն դասավանդման մեթոդների, թվային միջոցների և դրական մասնագիտական հաղորդակցման հմտությունների կիրառմամբ:
TOT վերապատրաստման շնորհիվ կստեղծվի աշխարհի տարբեր երկրներում վերապատրաստողների խումբ, ովքեր իրենց հերթին կվերապատրաստեն շախմատի ուսուցիչների, որոնք էլ հետագայում հնարավորություն կստանան դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում դասավանդել շախմատ:
Այս ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն իրականացվել է եռօրյա վերապատրաստումների 2 փուլ:
3․ 2-րդ դասարանի դասագրքի և տետրի բովանդակության շուրջ աշխատող երրորդ խումբը, հաշվի առնելով կրտսեր դպրոցականների տարիքային առանձնահատկությունները, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի սոցիոլոգների խմբի կատարած հետազոտությունները, կատարեց որոշակի փոփոխություններ 2-րդ դասարանի շախմատի դասագրքում և աշխատանքային տետրում։ Փոփոխությունները միտված են ավելի պարզ, մատչելի, կրտսեր դպրոցականների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ներկայացնել ուսումնական նյութը։ Ուսումնական նյութի շուրջ աշխատել է աշխատանքային թիմ՝ շախմատի մեթոդիստներ, հոգեբաններ, դասվարներ, շախմատի դասավանդման լավագույն փորձ ունեցող ուսուցիչներ։
