«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ էր այցելել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին ՀՄՊՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Մհեր Մելիք-Բախշյանը, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը, «Շախմատը դպրոցներում» ծրագրի մասնակիցներ Ռուբեն Աղուզումցյանը, AGBU տնօրեն Հասմիկ Խալափյանը և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմը։ Նախարարին ներկայացվեցին այն աշխատանքները, որոնք կատարվել էին 2011թ-ից։ Ռուբեն Աղուզումցյանը ներկայացրեց, որ շախմատը դպրոցում ծրագրի նպատակն է եղել ոչ թե շախմատիստներ պատրաստելը, այլ շախմատի միջոցով զարգացնել մի շարք համապիտանի կարողություններ։ Նա նշեց նաև, որ դրական ազդեցություն է նկատվել այն աշակերտների առաջադիմության վրա, ովքեր դպրոցում շախմատ են անցել։ Ներկայացրեց նաև, թե ինչ աշխատանքներ է կատարվել՝ շախմատի ուսուցիչներ պատրաստելու ընթացքում՝ հրատարակվել են ձեռնարկներ, աշխատանքներ՝ որպես շախմատի ուսուցիչներին մեթոդական օգնություն։ Շախմատի ուսուցիչների հետ աշխատել են ոչ միայն շախմատի, այլև մանկավարժության և հոգեբանության ոլորտներում։
Գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը ներկայացրեց, որ ՀՊՄՀ-ում կատարվել են հետազոտություններ հետևյալ 3 ուղղություններով․
- սոցիոլոգիական,
- հոգեբանական-ֆիզիոլոգիական,
- կրթական- մեթոդական։
Շախմատի դասավանդման ընթացքում դիտարկվել են ներառական կրթության համակարգում որոշակի դժվարություններ։ Սակայն փորձագիտական խմբի դիտարկումները ցույց են տվել, որ շախմատը օգտակար է զարգացման տարբեր մակարդակի հապաղումներ ունեցող աշակերտների համապիտանի կարողությունները զարգացնելու համար։
Սոցիոլոգիական խմբի ներկայացուցիչ Քրիստինե Տանաջյանը ներկայացրեց ծնողական համայնքում կատարված հետազոտությունները։ Նշվեց, որ ծնողների մեծամասնությունը կողմ է, որ շախմատ դասավանդվի, սակայն նրանք ունեն որոշակի դժվարություններ՝ չեն կարողանում օգնել իրենց երեխային, քանի որ շախմատ չգիտեն և այլն։
Նախարարին հետաքրքրեց, թե ինչ առաջարկություններ ունեն ծնողները շախմատ առարկայի դասավանդման կոնտեքստում։
Հետազոտության արդյունքները և ինստիտուտի մասնագետների մշտադիտարկումները ցույց են տվել, որ շախմատ առարկայի դասավանդման ընթացքում երեխաները ավելի կարգապահ են դարձել։
ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը նշեց, որ ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հոդվածները տպագրվել են միջազգային ճանաչում ունեցող մի շարք ամսագրերում։
Ինստիտուտի ավագ գիտաշխատող, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ շախմատը այն եզակի ձեռքբերումներից է, որը Հայաստանին այս ոլորտում առաջատար երկիր է դարձնում։ Նա ասաց, որ մենք պետք է ունենանք կրթության մեջ ոլորտներ, որտեղ մենք կունենանք առաջատար դիրք։
Թամարա Սարգսյանը ներկայացրեց վերապատրաստումների ընթացքում աշակերտների գնահատման հետ կապված նյութերի քննարկումները, որը էլ ավելի է բարձրացնում դասավանդման արդյունավետությունը դպրոցներում։
ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց տարրական դպրոցի առանձնահատկությունները, որոնցից կախված՝ դասավանդման դժվարություններ են առաջանում։
Այս հետաքրքիր և բազմաճյուղ քննարկման արդյունքում պարզ դարձավ բարձրորակ մասնագետների պահանջարկը՝ որպես շախմատ առարկայի դասավանդման առաջին դժվարություն։ Մնացած հիմնական խնդիրները բխում են մանկավարժների կոմպետենտությունից, և, դրա համար էլ, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ
Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը հույս ունի, որ այս բոլոր խնդիրները լուծում են գտնելու կարճ ժամանակահատվածում։






