«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հրավերով և ԱՄՆ ներկայացուցիչ Ջերրի Նաշի նախաձեռնությամբ Ուզբեկստանի և ԱՄՆ-ի շախմատային պատվիրակները հյուրընկալվեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում։
Հյուրերի կազմում էին Ուզբեկստանի Կրթության և գիտության նախարարության և Շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները և Ջերի Նաշը, ով որպես շախմատի կրթության հարցերով ազգային խորհրդական՝ աշխատում է ԱՄՆ-ի մանկավարժների հետ՝ շախմատի դրական ազդեցությունը դասասենյակում կիրառելու նպատակով: Նա Ալաբամա նահանգում իրականացվող «Շախմատը դպրոցում» նախաձեռնության հիմնադիրն է, ինչպես նաև վարում է այդ նախաձեռնության կողմից իրականացվող վերապատրաստումները:
Հյուրերը սկզբում հանդիպեցին ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ, ով ընդգծեց շախմատի կարևորությունը ՀՊՄՀ-ի համար՝ շեշտադրելով շախմատի դասընթացի ուսումնասիրությունը համալսարանում և դասախոսների ընդգրկվածությունը շախմատ առարկայի ուսուցիչների վերապատրաստման պատասխանատու գործում։ Ռեկտորն իր ուրախությունը հայտնեց նորաբաց ինստիտուտի և արդեն իսկ գրանցված հաջողությունների վերաբերյալ և նշեց, որ հպարտ է, որ այսպիսի կառույցը գործում է համալսարանի կազմում։
«Շախմատի ինստիտուտն ունի հետազոտական ուղղություն, որում գործունեություն են իրականացնում տարբեր մասնագիտությամբ հետազոտողներ՝ մեթոդիստներ, հոգեբաններ, սոցաշխատողներ և այլն»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ կառույցը նախկինում եղել է լաբորատորիա:
Ռուբեն Միրզախանյանը հյուրերին վստահեցրեց, որ ինստիտուտի և ամբիոնի ակտիվ գործունեության շնորհիվ կազմակերպվում են նաև միջազգային գիտաժողովներ, որոնք փորձի փոխանակման լավագույն հարթակ են:
Հյուրերն իրենց հիացմունքը հայտնեցին մեր երկրում իմաստուն խաղի դասավանդման վերաբերյալ և ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ ինստիտուտի գործունեությանը: «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ծանոթացրեց ինստիտուտին, դրա կազմում գործող մանախմբերին, կատարված հետազոտությունների արդյունքներին, առաջիկա ծրագրերին։ Հյուրերն առանձնակի հետաքրքված էին տվյալների վերլուծության, տարբեր մեթոդների կիրառման մեխանիզմներով, ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներով, հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձով։
Ոգևորությունն առավել մեծացավ, երբ հյուրերը ծանոթացան «Էգոսկոպ» օբյեկտիվ վերլուծության և թեստավորման համալիրին։ Հյուրերը փորձարկեցին նաև համալիրը, որը նրանց շատ տպավորեց։
Հանդիպման ավարտին Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և նշեց, որ ինստիտուտի դռները միշտ բաց են համագործակցության համար։










