ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը։
Հյուրերը ծանոթացան ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:
Ինստիտուտը հիմնադրվել է 2018 թ. փետրվարին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ Շախմատի ակադեմիայի և ՀՀ Շախմատի Ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ։ Այն իր տեսակով և գործունեության ուրույն ուղղվածությամբ առայժմ միակն է աշխարհում: Ինստիտուտը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ի կառավարության որոշմամբ՝ ՀՊՄՀ Շախմատի հետազոտական կենտրոնի և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի հիման վրա։
«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել»,- «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովն ասել է․ «Ես արդեն երկրի նախագահին ասել եմ, գուցե դեռ բոլորը չեն գիտակցում, թե այսօր Երևանում բացված ինստիտուտը ինչ կարևոր նշանակություն ունի: Այս դարում այս հնագույն խաղի հարցում մենք կարծես ամեն ինչի հասել ենք, շատերն էլ արդեն հասկացել են դպրոցներում շախմատը որպես առարկա մտցնելու կարևորությունը: Այս գիտահետազոտական ինստիտուտը բացելով`մենք մեկ քայլ առաջ ենք անում դեպի ապագա, սա մեծ քայլ է կրթական, մանկավարժական մտքի զարգացման առումով»,-ասաց Կիրսան Իլյումժինովը:
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ․ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, ՀՊՄՀ-ի Շախմատի և Սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանին բուհում «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտի հիմնադրման առթիվ՝ նկատելով, որ այն 95-ամյակի շրջանակներում բուհին լավագույն նվերն էր.«Երբ մեր արտասահմանյան գործընկերները հետաքրքրվում են բուհում, երկրում կատարվող գիտական ուսումնասիրություններով, նրանց հատկապես գրավում է այն, որ շախմատը ՀՀ-ում հանրակրթական դպրոցական ծրագրի մաս է կազմում, իսկ արդեն 2 տարի Մանկավարժականում գործում է նաև շախմատի լաբորատորիա»:
Բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ կազմակերպված ձեռնարկին ներկա ՖԻԴԵ-ի նախագահ, ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտոր Կիրսան Իլյումժինովը մեծ պատիվ համարեց իր մասնակցությունը, իսկ «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտի հիմնադրումն իր ղեկավարած կառույցի և բազմամիլիոնանոց շախմատասերների անունից պատմական օր դիտարկեց:
«Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը, կրկին շախմատ խաղացին: Երեք րոպե տևողությամբ բլից պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
ԶԼՄ-ների անդրադարձը՝ Մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտի բացմանը
Տեսանյութերը ստորև` ժամը Ազդարար








