«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ 18․01․2022թ․ տեղի ունեցավ հանդիպում ՀՊՄՀ ռեկտորի, պրոռեկտորների և ֆակուլտետային ներկայացուցիչների հետ։
«Շախմատային կրթությունը Մանկավարժական համալսարանի կարևոր ձեռքբերումներից է. այդ ոլորտում մենք ունենք շոշափելի հաջողություններ և կարող ենք ներկայանալի լինել աշխարհի համար: Մեր նպատակն է քննարկել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեության և որոշ ֆակուլտետների հետ համագործակցության հնարավորությունները՝ նոր զարգացումներ ունենալու համար»,- բուհում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում նշեց ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտն իր տեսակով և գործունեության ուրույն ուղղվածությամբ առայժմ միակն է աշխարհում, որն իրականացնում է շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրների հետազոտություններ:
«Յուրաքանչյուր հաջողության հիմքում թիմային աշխատանքն է. այդպես է նաև շախմատի դեպքում: Ամբողջ աշխարհում շախմատի հանդեպ մեծ հետաքրքրություն կա. այն այլևս սոսկ սպորտաձև չէ և վաղուց արդեն կրթական համակարգի մաս է կազմում: «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը լուրջ անելիքներ ունի՝ բուհը հանրայնացնելու և ոլորտում նոր հաջողություններ գրանցելու համար, իսկ հիմքը արդեն դրված է․ ՀՊՄՀ-ն և ՖԻԴԵ-ն համագործակցության պայմանագիր ունեն և շարունակում են աշխատել»,- հանդիպման ընթացքում նշեց գրոսմայստեր, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը:
Վերջինս նկատեց՝ աշխարհում կրթական շախմատի վերաբերյալ կատարվում են լուրջ հետազոտություններ: Նա կարևոր ձեռքբերում համարեց այն, որ «Շախմատ» առարկան դասավանդելու վերաբերյալ ինստիտուտի մշակած հայեցակարգն արդեն թարգմանվել է մի շարք լեզուներով:
Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, կթողարկվի հետազոտական ամսագիր և կարևորեց ՀՊՄՀ-ի համապատասխան մասնագետների հետազոտական գործունությունն ու տպագրումները:
ՀՊՄՀ Սկզբնական, Հատուկ և ներառական կրթության, ինչպես նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների հետ գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության մասին խոսեց կառույցի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը:
Վերջինս անդրադարձավ նաև հոգեբանության, սոցիոլոգիայի և ներառական կրթության ոլորտում ուսուցիչների վերապատրաստումներին, որպես լաբորատորիա՝ ռեսուրսների օգտագործմանը, շախմատային հանրակրթության հիմնախնդիրների շուրջ կուրսային, ավարտական, մագիստրոսական աշխատանքների թեմաների հաստամանը, շախմատի ուսուցման դասարաններում և գիտահետազոտական ինստիտուտում պրակտիկաների կազմակերպմանը, մեդիալաբորատորիայի հետ համագործակցությանը և այլն:
Հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ քննարկում. կարևորվեց բուհի, ինչպես նաև միջազգային տարբեր ամսագրերում տպագրումը, ակտիվ մասնակցությունը դրամաշնորհային ծրագրերին, հատուկ հոգեբանների մասնակցությամբ ինստիտուտի տեխնիկակական միջոցների կիրառումը և այլն:
Ի վերջո, սպո՞րտ, մանկավարժությու՞ն, թե՞ գիտություն հարցադրմանը գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը պատասխանում է՝ աշխարհն արագ է ընթանում, շախմատը՝ նույնպես:
Վստահ է՝ սպորտից գիտակրթական ոլորտում հայտնված շախմատը 40-50 տարի անց կտեղափոխվի արվեստի, ապա նաև հոգեբանության ոլորտ. դա ճանապարհ է, որն ընթացքի մեջ է: Իսկ մինչ այդ, աշխարհն ունի շախմատային կրթության կարիք:

Leave a Reply