ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին ներկա էին նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։
Հանդիպմանը քննարկվեցին ինստիտուտի հետազոտական ուղղությունները, որոնք ներկայացրեց ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը։
Հետազոտությունների միջազգայնացում, շախմատի ուսուցման արդյունավետության վերաբերյալ ապացույցներ, գիտական գործիքակազմի ձեռքբերում և կիրառում, միջազգային և պարտադիր վերապատրաստումներ․ բանախոսն անդրադարձավ հիմնական հաջողություններին, խոսեց բացթողումներից, ներկայացրեց հնարավոր մարտահրավերներն ու դրանց դիմակայմանը միտված քայլերը։
Վահան Սարգսյանը նշեց, որ վերջին շրջանում կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնք շախմատի ուսուցման ազդեցության հիմնավոր ապացույցներ են։
Բանախոսը ինքնագնահատման համատեքստում անդրադարձավ աշխատանքի թույլ կողմերին՝ գիտելիքի տրանսֆեր, ուսուցիչների պատրաստում, առարկայի ինտեգրված ուսուցման մեթոդաբանության մշակում, մարկետինգային հետազոտություններ, ուսուցիչների ներգրավում հետազոտություններում, կիրառական բնույթի աշխատանքների իրականացում, շախմատային ուսուցում՝ մի շարք սարքավորումների միջոցով։
Վահան Սարգսյանն անդրադարձավ տարբեր ոլորտների հետ շախմատի փոխներգործունեությանը, կարևորեց Շախմատի և ԲՏՃՄ առարկաների սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունները, ռազմական ուսումնական հաստատությունների և քրեակատարողական հիմնարկների հետ համագործակցությունը, հետազոտական կարողությունների դաշտում միջազգային փորձի ուսումնասիրումը, ներդրումը, շախմատի ուսուցման խաղային, փոխներգործուն և նախագծային մեթոդների մշակումն ու արդյունավետության գնահատումը։
Հանդիպման ընթացքում ծավալվեց մասնագիտական շահագրգիռ քննարկում․ինստիտուտի անդամները ներկայացրին իրենց կատարած ուսումնասիրությունները, հետազոտության արդյունքները, մեթոդաբանությունը, հանդես եկան ոլորտային հարցերի վերաբերյալ առաջարկներով։
ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը, առաջնահերթ խնդիրների վերհանումը։ Վստահ է՝ միասնական աշխատանքը կարող է լինել օգտակար, արդյունավետ՝ ապագայի համար՝ աշխարհի մակարդակով։
