«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում էր ՖԻԴԵ-ի (Շախմատի համաշխարհային ֆեդերացիա) նախագահի թեկնածու, ՌԴ նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ Արկադի Դվորկովիչը:
Դվորկովիչին նախ ընդունեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը,ով ընդգծեց, որ բուհի համար կարևոր նշանակություն ունի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ տարբեր մասնագետներ համատեղ իրականացնում են հետազոտություններ:
Ռեկտորը կարևորեց Սմբատ Լպուտյանի գործունեությունը միջազգային կոնֆերանսներ կազմակերպելու գործում, հատկապես, որ բուհի արտասահմանյան մի շարք գործընկերներ հետաքրքրված են շախմատը կրթության մեջ ներդնելու մեր փորձով:
Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում շախմատը գերիշխանություն ունի և հույս հայտնեց, որ ոլորտում ձեռքբերումները կլինեն շարունակական:
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ-ի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը մեծ պատիվ համարեց Արկադի Դվորկովիչի այցը «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ, ներկայացրեց ինստիտուտի աշխատակազմին, գործունեությունն ու ուղղությունները:
Նա կարևորեց սոցիոլոգների, հոգեբանների, մեթոդիստների, հատուկ մանկավարժների խմբերի գործունեության ուղղությունները և ընդգծեց, որ այդ դժվարին աշխատանքում ոչ բոլոր խնդիրներն են դեռևս լուծված: Սմբատ Լպուտյանը կարևորեց նաև ձեռք բերված փորձն ու հետազոտության արդյունքները շախմատով հետաքրքրվող երկրներին փոխանցելու անհրաժեշտությունը և ընդգծեց մեր երկրում իմաստուն խաղով հետաքրքրվողների մեծ թիվը:
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը հետազոտությունների արդյունքներով ներկայացրեց շախմատի դասավանդման ազդեցությունը, դրա արդյունավետությունը և ընդգծեց, որ այդ գործում ամենից կարևորը ուսուցիչների վերապատրաստումն է: Նա խոսեց նաև առարկայի պլանավորման, դասավանդման ընթացքում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության մասին և հավելեց, որ ինստիտուտը մշտապես վերլուծում է արդյունքները:
ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչն իր հիացմունքը հայտնեց մեր երկրում շախմատի լայն տարածման, զարգացման վերաբերյալ և վստահեցրեց, որ այդ ոլորտում շատ երկրներ կարող են կիրառել հայաստանյան փորձը:
Արկադի Դվորկովիչը հետաքրքրվեց, թե ինչ կարգ պետք է ունենա ուսուցիչը շախմատ դասավանդելու համար և ինչու գնահատել այն այլ առարկաների չափանիշներով. նրա կարծիքով՝ շախմատն առարկա չէ, այլ գործիք, որ կարելի է գնահատել գնահատման այլ համակարգով:
Հանդիպման ընթացքում նա ծանոթացավ նաև ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներին, հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձին, կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:








