
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ 30/11/2021 - Ս.թ. դեկտեմբերի 10-12-ը և 17-19-ը անցկացվելու են «շախմատ» առարկայի ուսուցիչների հերթական առցանց վերապատրաստումները: Վերապատրաստումներին կարող են մասնակցել՝ 1․ այն ուսուցիչները, ում դասավանդման վկայականի ժամկետը ավարտվել է կամ ավարտվում է մինչև 2022թ.-ի փետրվարը, 2․ շախմատի դասավանդմամբ հետաքրքրված այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել դասավանդման իրավունք (որակավորում): Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ 26/1/2021 - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցությամբ մեկնարկում են շախմատ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման և որակավորման 2021 թվականի առցանց դասընթացները։ Դասընթացները կմեկնարկեն հունվարի 29-ին և կավարտվեն հունվարի 31-ին։ Եռօրյա դասընթացների ավարտին ուսուցիչները կհանձնեն որակավորման ամփոփոիչ քննություն, որի արդյունքներից կախված՝ նրանց կտրամադրվեն 1-3 տարվա դասավանդման թույլտվություն հաստատող վկայականներ։ Դասընթացներին կարող են մասնակցել նրանք՝ 1․ ում դասավանդման թույլտվության վկայականի ժամկետն ավարտվում է/ավարտվել է/, 2․ առաջին անգամ պատրաստվում են մասնակցել դասընթացներին և որակավորման քննությանը։
ՆՈՐ ՀԱՂՈՐԴԱՇԱՐ՝ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 30/5/2020 - Սիրով ներկայացնում ենք «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցությամբ ստեղծված նոր՝ «Մտորումներ» խորագիրը կրող հաղորդաշարը «Շախմատը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակում։ Նոր մեկնարկած «Մտորումներ» հաղորդաշարը բացահայտում է շախմատային հանրակրթության ներուժը։ Հաղորդաշարն այն մասին է, թե ինչպես են ուսումնառության ընթացքում տախտակի առջև կրած այսօրվա պարտությունները դառնում կյանքի վաղվա հաղթանակի սկզբնաղբյուրներ։ Սա մի հաղորդում է, որի շրջանակում փորձ է արվում բացահայտել «Շախմատ» ուսումնական առարկայի անսահման սահմանները։ Հաղորդաշարի բոլոր մասերին ծանոթանալու համար կարող եք բաժանորդագրվել Chess in Armenian Schools յութուբյան ալիքին /https://www.youtube.com/channel/UCJDXrFya0279uYgIRnlFMhA/։
ՇԱԽՄԱՏԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 4/6/2019 - Շախմատի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկը կտրվի Երևանում, հունիսի 6-ից։Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ ջանքերով։ Մասնավորապես ս/թ. հունիսի 6-8-ը, ժամը 10:30-ից Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվելու են սեմինար-քննարկումներ, ինչպես նաև որակավորման/վերապատրաստման դասընթացներ: Հունիսի 6-ին հրավիրվում են դասավանդող բոլոր ուսուցիչները՝ մասնակցելու սեմինար-քննարկման: Իսկ 7-8-ը՝ այն ուսուցիչները, ում դասավանդման վկայականի ժամկետն ավարտվել է կամ կավարտվի 2019թ.-ի ընթացքում։
ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ 27/5/2019 - «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում շարունակվում են քննարկումները «Շախմատ 4» դասագրքի վերամշակման վերաբերյալ։ Մայրաքաղաքի և Կոտայքի մարզի լավագույն ուսուցիչները հավաքվել էին՝ վեր հանելու դասագրքում առկա դժվարությունները, սովորողների կարիքները հաշվի առնելով՝ փոփոխություններ առաջարկելու։ Քննարկմանը ներկա էին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները։ Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի թեմաներ դասագրքերում այլևս չեն տպագրվի, փոխարենը մի քանի այլ՝ ավելի հետաքրքիր թեմաներ կընդգրկվեն նոր դասագրքերում։ Եթե ունեք առաջարկություններ դասագրքի փոփոխության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ chess@aspu.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20/2/2019 - ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովը և Հայաստանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2019թ. մայիսի 7-8-ը կազմակերպում են միջազգային կոնֆերանս Հայաստանում՝ «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները խորագրով»: Կոնֆերանսի անցկացման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի շուտով:
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ 2/12/2018 - Ս/թ. դեկտեմբերի 5-7-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենան Երևան քաղաքի «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները։ Վերապատրաստումները իրականացվում են ՀՀ շախմատի ակադեմիայի և ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով։ Վերապատրաստման դասընթացը կիրականացվի երկու ուղղությամբ՝ հոգեբանամանկավարժական և շախմատի մեթոդիկայի։ Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն քննություն ՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը կվերաբերի շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված է ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։ Գրանցումը կատարվում է նախապես։
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ՝ ՇԱԽՄԱՏԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 7/7/2018 - Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ սկսվում է շախմատի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը ՀՀ և ԼՂՀ տարածքում։ Այս տարի ծրագրին միացավ նորաբաց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը։ Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ս. Լպուտյանի հրավերով կլոր սեղանի շուրջ հավաքվել էին լավագույնները բոլոր մարզերից ու ԼՂՀ տարածքից։ Քննարկման նպատակն էր վեր հանել յուրաքանչյուր շրջանում առկա խնդիրներն ու բացթողումները, և վերապատրաստումները ուղղել դրանց լուծմանն ու վերացմանը։ Եռօրյա քննարկման արդյունքում մշակվեց 2018թ. վերապատրաստումների օրակարգը, առանձնացվեցին և ճշգրտվեցին համապատասխան նյութերն ու մեթոդները։